Նոր շրջադարձային տեղեկություն է շրջանառվում մի քանի լրատվամիջոցներում, որը, իմ կարծիքով, բավականին հավաստի է: Համաձայն դրա՝ Թրամփի կառավարության կողմից մշակվել և Զելենսկուն է ներկայացվել 28 հոդվածից բաղկացած խաղաղության պայմանագիրը: Ամերիկյան կողմը խիստ տոնայնությամբ հույս ունի կամ պահանջում է, որ ուկրաինական կողմը համաձայնի ստորագրել կարճ ժամկետներում: Ենթադրում եմ, որ ռուսական կողմի հետ համաձայնեցված է: Մանրամասներին վաղ է անդրադառնալ, բայց երկու կարևոր հանգամանք պետք է անպայման բարձրաձայնել:
Ըստ էության, գրեթե ամբողջությամբ բավարարվում են Ռուսաստանի տարածքային պահանջները, և Ուկրաինան ստանում է արտադաշինքային պետության կարգավիճակ՝ նա երբեք չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Տեսնենք՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, բայց արդեն լրիվ հասկանալի է, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը Ալյասկայում: Նոր Յալթայի անխուսափելիության մասին կանխատեսումները, որոնք առկա էին վերջին մեկ տարվա իմ վերլուծություններում, կարծես թե իրականություն են դառնում: Եվս մի կարևոր հանգամանք. պայմանագիրը նախատեսում է ստորագրումից հետո՝ 100 օր անց, նախագահական ընտրություններ Ուկրաինայում: Դրանով կավարտվի նաև ժողովրդավարական կլոունադան Ուկրաինայում: Իհարկե, բացառված չէ, որ Մակրոն-Մերց-Սթարմեր եռյակը նոր խոստումներով համոզի Զելենսկուն տապալել պայմանագրի կնքումը, ինչպես ժամանակին արեց Բորիս Ջոնսոնը՝ Բայդենի հովանավորությամբ: Այդ չարաբաստիկ խորհրդին անսալով՝ Ուկրաինայի իշխանությունները եռապատկեցին և քառապատկեցին երկրի մարդկային, տարածքային և նյութական կորուստները: Գուցե հիմա սառը դատողությունն ու քաղաքական սթափությունը օգնեն Կիևի իշխանավորներին: Թրամփն էլ համառորեն աշխատում է վերջ տալ այս արյունահեղությանը, ինչպես բազմիցս հայտարաում էր նախընտրական քարոզարշավում և իշխանության գալուց հետո: Ամեն դեպքում, «ամենավատ խաղաղությունն ավելի լավ է պատերազմից» ասացվածքը լրիվ տեղին է ասված, այս իրավիճակում:
Վերջում նորից ցանկանում եմ ընդգծել «ռուսական խորտակվող նավի» մասին Հայաստանի փորձանքագետների հայեցակարգի «մտքի վեհությունը»:
Լավ եղեք:
Գարիկ Քեռյան